կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալու է Թրամփ-Զելենսկի հանդիպումը. Reuters

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալու է Թրամփ-Զելենսկի հանդիպումը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենան հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը Ֆրանսիայում նախատեսում է հանդիպումներ անցկացնել նաև Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդների հետ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հաստատել էր իր մասնակցությունը G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-ից 17-ը։ Նա հայտնել էր, որ Ֆրանսիա կմեկնի հունիսի 14-ին Սպիտակ տան տարածքում ԱՄՆ 250-ամյակի միջոցառումների շրջանակում անցկացվող UFC մրցաշարից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Թրամփի և Զելենսկու նախորդ հանդիպումը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերին, որի ընթացքում քննարկվել էին հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակներն ու Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրման հարցերը։

  • Կիսվել: