ՀԱՀ-ում Իրանի դեսպանատունը ծաղրել է Թրամփին Իրանի ԻՀՊԿ-ին վերագրվող վիրուսային հոլովակի պատճառով
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Իրանի դեսպանատունը X սոցիալական ցանցի իր էջում բացահայտ ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) վերագրվող ծովային կապի վիրուսային հոլովակին, որտեղ նավերը նախազգուշացվում են ռազմավարական ջրային ուղով անցնելու փորձերի մասին։
«Դու ապո՛ւշ ես, նա նկատի ուներ քո ապուշ նախագահ Թրամփին։ Պարզապես Google-ում որոնեք «իդիոտ» (ապուշ) բառը և կհասկանաք, թե ում մասին է խոսքը»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
16-րդ ծովային ալիքով հեռարձակված ենթադրյալ ռադիոուղերձում նավերը նախազգուշացվել են առանց Իրանի զինված ուժերի թույլտվության ռազմավարական ջրային ուղով անցնելու փորձի մասին։
«Խոսում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային նավատորմը, կանչում ենք 16-րդ ալիքով։ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Մենք այն կբացենք մեր իմամ Խամենեիի հրամանով, այլ ոչ թե ինչ-որ հիմարի թվիթների պատճառով։ Եթե ցանկանում եք անցնել Հորմուզի նեղուցով, պետք է թույլտվություն խնդրեք Իրանի «Սեպահ» ռազմածովային ուժերից։ Բոլոր այն նավերը, որոնք կապ ունեն մեր թշնամիների հետ, հարձակման կենթարկվեն, եթե փորձեն անցնել Հորմուզի նեղուցով»,- նշված է ձայնագրության մեջ։
Դեսպանատան սարկաստիկ ակնարկը հաջորդել է ԱՄՆ նախագահի՝ սոցիալական ցանցերում արված հայտարարություններին, թե հոլովակում հնչող «ապուշ» բառն ուղղված է եղել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին, հայտնում է Tasnim-ը։
Դիվանագիտական ներկայացուցչությունը վճռականորեն հերքել է այդ ենթադրությունը՝ նշելով, որ ձայնագրության մեջ շեշտադրումն ակնհայտորեն արված է ԱՄՆ նախագահի, այլ ոչ թե մեկ ուրիշի վրա։


