Ղրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
Անտառային հրդեյ է բռնկվել Ղրիմի հարավային ափին՝ Յալթայի շրջանում գտնվող Այ-Պետրի լեռան ստորոտին։ Անտառային հրդեհն ընդգրկել է 3,2 հեկտար տարածք, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Առավոտյան փրկարարներին հաջողվել է կայունացնել իրավիճակը և տեղայնացնել հրդեհի օջախը։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 98 մարդ և 24 միավոր տեխնիկա։ Կրակի դեմ պայքարին մասնակցում են Ռուսաստանի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, Ալուշտայի անտառորսորդական տնտեսության աշխատակիցները, «Կրիմ-Սպաս» ջոկատի լեռնափրկարարները, «Զապովեդնի Կրիմ» հաստատության ներկայացուցիչները և կամավորներ։
Հաղորդվում է, որ բնակավայրերի համար վտանգ չկա։ Տարածաշրջանում հունիսի 24-ից գործում է հակահրդեհային հատուկ ռեժիմ, որն արգելում է խարույկներ վառել և բաց կրակ օգտագործել անտառներում ու հարակից տարածքներում, ներառյալ՝ չոր բուսականության և կենցաղային աղբի այրումը։


