Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող հայերը ցմահ ազատազրկման են դատապարտվել
Դոնի Ռոստովի դատարանն նոյեմբերի 27-ին ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող ութ անձանց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայազգի գործարարներ Գեորգի և Արտյոմ Ազատյանները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք մեղադրվում են ահաբեկչության և զենքի կամ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության, նաև պայթուցիկ սարքերի մաքսանենգության մեջ։
Ռուսաստանի դատախազության պնդմամբ՝ կամրջի վրա հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկը Ռուսաստանի տարածք է մուտք գործել Հայաստանի քաղաքացի Թերջանյանի բեռնատարով։ Հետագայում այն պահ է տրվել Ազատյան եղբայրներին պատկանող պահեստում։
Ինչպես հաղորդվում է՝ Թերջանյանը, Ազատյանները և մյուս հինգ ամբաստանյալները իրենց մեղքը չեն ընդունել։


