Ղազախստանը չի միանա ԲՐԻԿՍ-ին
Ղազախստանը չի ծրագրում միանալ ԲՐԻԿՍ-ին: Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով՝ ինքն առաջնորդվում է «պրագմատիկ» նկատառումներով և կազմակերպության գործընկերոջ կարգավիճակը բավարար է համարում։ Տոկաևը նշել է, որ հարցը վերաբերում է լիիրավ անդամակցության օգտակարությանը և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԲՐԻԿՍ-ը «կանոնադրություն, քարտուղարություն, ծրագրեր չունի»։
«Տեսնենք, թե որքանով արդյունավետ կլինի ԲՐԻԿՍ-ը որպես միջազգային կազմակերպություն։ Առայժմ Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում, իսկ հետո ժամանակը ցույց կտա»,-ասել է Տոկաևը։
2024 թվականի հոկտեմբերին նախագահի խորհրդական Բերիկ Ուալին հայտարարել էր, որ Ղազախստանը ստացել է ԲՐԻԿՍ-ին միանալու առաջարկներ, սակայն Տոկաևը որոշել է ձեռնպահ մնալ նման քայլից՝ ներառյալ «միավորման զարգացման հեռանկարներին վերաբերող ասպեկտների» պատճառով։ Ուալին այնուհետև ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ին միանալու նպատակահարմարությունը քննարկվում է «Ղազախստանի ազգային շահերի տեսանկյունից», և նախագահը նախապատվությունը տվել է ՄԱԿ-ին՝ «որպես համընդհանուր և անվիճելի կազմակերպություն, որտեղ կարող են և պետք է քննարկվեն բոլոր արդիական միջազգային հարցերը»։
Հիշեցնենք, որ Ղազախստանը ԲՐԻԿՍ-ի գործընկեր դարձավ 2025 թվականի հունվարի 1-ին։