շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղազախստանում վարարումների պատճառով տարհանել են ավելի քան 96 հազար մարդու

Ղազախստանում վարարումների պատճառով տարհանել են ավելի քան 96 հազար մարդու

Զանգվածային վարարումների պատճառով Ղազախստանում տարհանվել է ավելի քան 96 հազար մարդ, նրանցից մոտ 32 հազարը՝ երեխաներ։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է ԱԻՆ քաղպաշտպանության եւ զորամասերի կոմիտեի ավագ սպա Սայպաշ Երասիլը։

«Վարարումների սկզբից տարհանվել է 96 472 մարդ, նրանցից 31 640-ը՝ երեխաներ։ Ժամանակավոր կացարաններում գտնվում են 7 605 մարդիկ, նրանցից 3 474-ը՝ երեխաներ»,- ասել է նա։

 

Նրա խոսքով՝ տուժած շրջաններ է հասցվել ավելի քան 167 տոննա հումանիտար օգնություն։ Հեռացվել է 8,5 մլն խորանարդ մետր հալոցքաջուր, 2 750 տներից եւ 1 816 բակերից ջրահեռացում է կատարվել։ «Ներկա պահին հեղեղումից տուժած են համարվում 3 444 մասնավոր տներ, 339 բակեր 5 մարզերում՝ Ալթիրաուսկյան,  Ակտյուբինսկյան, Ակմոլինսկյան, Կոտանայի, Հյուսիսղազախստանյան մարզերը։ Հսկողության տակ են 105 ավտոճանապարհներ, 8 կամուրջներ եւ 97 ճանապարհներ։ 69 բնակավայրեր մնացել են առանց տրանսպորտային կապի»,- նշել է Երասիլը։

Մարտին սկսված վարարումների պատճառով արտակարգ դրության ռեժիմը պահպանվում է Ղազախստանի 10 շրջաններում։ Վթարային-փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 24 հազար մարդիկ եւ ավելի քան 2,6 հազար միավոր տեխնիկա։

  • Կիսվել: