շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը գնդակոծվել է․ Եգիպտոսը փակել է Գազայի և Իսրայելի հետ սահմանները

Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը գնդակոծվել է․ Եգիպտոսը փակել է Գազայի և Իսրայելի հետ սահմանները

Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի մերձակա տարածքը ռմբակոծության է ենթարկվել։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Եգիպտոսի անվտանգության ուժերի 3 աղբյուրներ և 1 ականատես։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով պաղեստինական լրատվամիջոցների, նշում է, որ ռմբակոծության հետևանքով վիրավորվել է անցակետի 2 սպա։

Անցակետին հարված էր հասցվել նաև հոկտեմբերի 9-ին, ինչը մասամբ խաթարել էր սահմանի հատման գործընթացը։

The National News պարբերականն էլ հաղորդում է, որ Եգիպտոսը փակել է Գազայի հատվածի և Իսրայելի հետ սահմանային անցակետերը։ Նշվում է նաև, որ Եգիպտոսի անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են սահմանի ուժեղացված պարեկություն իրականացնելու մասին։

Եգիպտոսի իշխանությունները նաև հայտնել են, որ «Ռաֆահ» անցակետը փակվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ այն բանից հետո, երբ Գազայի կողմում պայթյուններ են տեղի ունեցել՝ վնասելով անցակետը։

Անցակետերի փակման մասին տեղեկություններից առաջ Եգիպտոսը նախազգուշացրել էր Գազայում գտնվող պաղեստինցիներին զանգածային կերպով տեղահանվելու կոչեր չհնչեցնել՝ նշելով, որ «դրա հետևանքով Գազան կդատարկվի և պաղեստինյան հարցն ինքնին կվերանա»։  

Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 760-ը։

Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: