G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները
Մեծ յոթնյակի (G7) երկրները Եմենի հութի խռովարարների «Անսար Ալլահ» շարժմանը կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորման։ Այս մասին ասվում է G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Նյու Յորքում նրանց հանդիպումից հետո։
«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք անընդունելի հարվածները, որոնք հութիները շարունակում են հասցնել Եմենում և Սաուդյան Արաբիայի Թագավորության ուղղությամբ», - նշվում է փաստաթղթում, որից մեջբերումներ է անում Reuters գործակալությունը։
«Մենք հութիներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները, բոլոր սպառնալիքներն ու հարձակումները քաղաքացիական նավերի նկատմամբ, ինչպես նաև վերադառնալ բարեխիղճ քաղաքական կարգավորման», - ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
G7-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) արտգործնախարարներն Իրանին կոչ են արել դադարեցնել հութիների զինումը և նրանց աջակցության տրամադրումը՝ նշելով, որ դա վտանգավոր էսկալացիա է, որը սպառնում է խաթարել միջազգային առևտուրը և համաշխարհային անկայունություն ստեղծել։
ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Սեպտեմբերի 22-ին մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և հութիների միջև։ Իրադրությունը կտրուկ սրվել է սեպտեմբերի սկզբին, երբ «Անսար Ալլահ» շարժումն անցել է հարձակման երկրի հարավ-արևմուտքում՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ տարածքների նկատմամբ։



