շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 855 մարդ

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 855 մարդ

Ֆրանսիական ոստիկանությունը Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ակցիաների ընթացքում վերջին օրերին տարբեր խախտումների համար կբերման է ենթարկել 855 մարդու։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը BFM հեռուստաալիքի եթերում։

«Ներկա պահին ամբողջ Ֆրանսիայում բերման է ենթարկվել 855 մարդ, նրանցից 843-ը արդեն կալանքի տակ է»,- ասել է Դարմանենը։

Նա նաեւ նշել է, որ հինգշաբթի Ֆրանսիայում սպասվում են զանգվածային ակցիաներ կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։ ՆԳՆ-ի ղեկավարը կարգադրել է  այդ ցույցերի ժամանակ կարգի պահպանման համար գործի դնել 12 հազար ոստիկան եւ ժանդարմ։ Ընդ որում՝ 5 հազար իրավապահներ կկենտրոնանան Փարիզում, ավելացրել է նախարարը։

«Մեր խնդիրն է հանդարտեցնել նրանց, ովքեր մտադիր են հարձակվել սեփականության եւ քաղաքացիների վրա, բայց, միեւնույն ժամանակ, ապահովել զանգվածային ակցիաների անցկացման ազատությունը»,- ընդգծել է Դարմանենը։

Կենսաթոշակային բարեփոխման նախագիծը, որով նախատեսվում է Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի, ներկայացվել է հունվարին։ Նախաձեռնությունը ցույցեր եւ գործադուլներ է առաջացրել ամբողջ երկրում։ Մարտի 16-ին Ֆրանսիայի վարչապետն օգտվել է իր սահմանադրական լիազորություններից եւ հայտարարել, որ օրինագիծը կընդունվի առանց Ազգային ժողովում քվեարկության դրվելու։ Այս որոշումը ցույցերի նոր ալիք է առաջացրել, որոնք հաճախ ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։

  • Կիսվել: