հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը

Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը

Ֆրանսիացի բուժաշխատողները լուրջ մտահոգություններ են հայտնում երկարատև անոմալ շոգի ֆոնին մահացության հնարավոր աճի առնչությամբ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հիվանդանոցային ֆեդերացիայի (FHF) գլխավոր պատվիրակ Զեյնաբ Ռիեն։

«Մենք վախենում ենք, որ հաշվի առնելով շոգի տևողությունը և տներում ու հաստատություններում տիրող պայմանները, զգալիորեն կվատանա մարդկանց առողջությունը, - ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում: - Մենք իրոք վախենում ենք, որ, ամենայն հավանականությամբ, կտեսնենք մահացության աճ»:

Ռիեն հավելել է, որ մարդիկ ավելի հաճախ են շտապօգնություն կանչում։

Անոմալ շոգը Ֆրանսիայում դիտվում է հունիսի 17-ից: Դրա պատճառով դադարեցվել է գրեթե 10 000 ուսումնական հաստատությունների աշխատանքը կամ փոփոխվել է դասացուցակը, սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը: Առնվազն հինգ մարդ է մահացել անոմալ տապի պատճառով, ևս առնվազն 42-ը խեղդվել են ջրավազաններում, ինչը նույնպես կապում են շոգ եղանակի հետևանքների հետ:

Le Parisien թերթը, վկայակոչելով Ջերմաստիճանային չափումների ազգային գործակալության տվյալները, հայտնել է, որ հունիսի 24-ը դարձել է ամենաշոգ օրը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Այդ օրը  միջին ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կազմել է 30 աստիճան։ Ավելի քան 50 դեպարտամենտներում, Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ջերմաստիճանը հասել է 40 աստիճան Ցելսիուսի, որոշ վայրերում էլ՝ 42-ի:

Ծայրահեղ շոգ եղանակ է դիտվում եվրոպական այլ երկրներում ևս։

 

  • Կիսվել: