Ֆրանսիան Միջերկրական ծովում ՌԴ-ից ուղևորվող նավթատար լցանավ է կալանել. Մակրոն
Ֆրանսիական ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում Ռուսաստանից ուղևորվող նավթատար լցանավ են կալանել: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք հանդուրժի որևէ խախտում։ Այսօր առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող նավթատար լցանավ, որը ենթարկվում է միջազգային պատժամիջոցների և կասկածվում է կեղծ դրոշի օգտագործման մեջ։ Գործողությունն իրականացվել է Միջերկրական ծովի բաց ծովում՝ մեր մի քանի դաշնակիցների աջակցությամբ։ Դա կատարվել է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի խիստ պահպանմամբ»։
Նախագահը հայտնել է, որ սկսվել է դատական հետաքննություն, իսկ նավը վերաուղղորդվել է։
«Մենք վճռական ենք պահպանել միջազգային իրավունքը և ապահովել պատժամիջոցների արդյունավետ կիրառումը։ «Ստվերային նավատորմի» գործունեությունը նպաստում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ֆինանսավորմանը»,-հավելել է Մակրոնը:


