Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել Ուկրաինայում գտնվող ֆրանսիացի քաղաքացիներին լքել երկիրը։ Այս մասին այսօր հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանն կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր ֆրանսիացի քաղաքացիներին, որոնց Ուկրաինայում մնալը ծանրակշիռ հիմքեր չունի, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Նաև խորհուրդ է տրվում հետաձգել Ուկրաինա կատարած բոլոր ուղևորությունները։ Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշական միջոց խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ այդ շրջաններից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ից նաև նշել են. «Լարվածության պայմաններում, որը պայմանավորված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացմամբ և երկրի արեւելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, խորհուրդ է տրվում բարձր զգոնություն ցուցաբերել և չայցելելել երկրի հյուսիսային և արևելյան սահմանամերձ շրջաններ»:
Վերջին օրերին իրավիճակը Դոնբասում կտրուկ սրվել է։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում փետրվարի 17-ից հայտնել են վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի կողմից ամենաինտենսիվ գնդակոծությունների մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների վնասմանը:
Զոհվածների մասին տեղեկություններ չկան, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Փետրվարի 18-ին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը մարտական գործողությունների աճող սպառնալիքի կապակցությամբ հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին: