Ֆրանսիան և Հունաստանը ևս հինգ տարով կերկարաձգեն պաշտպանական համաձայնագիրը. Մակրոնը կմեկնի Աթենք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Հունաստան՝ վերահաստատելու երկու երկրների միջև անվտանգության համաձայնագիրը Իրանի պատերազմի ֆոնին, կիրակի հայտնել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիան և Հունաստանը՝ ՆԱՏՕ-ի վաղեմի դաշնակիցները, 2021 թվականին ստորագրել էին անվտանգության և պաշտպանության համաձայնագիր, որը նրանց պարտավորեցնում էր օգնության հասնել միմյանց հարձակման դեպքում։ Այն ներառում էր նաև Աթենքի կողմից ֆրանսիական արտադրության երեք ֆրեգատի և Dassault ընկերության շուրջ 24 Rafale կործանիչի գնումը։
Ապրիլի 24-25-ին Մակրոնի այցը Հունաստան կերկարաձգի համաձայնագիրը ևս հինգ տարով՝ հետագա ինքնըստինքյան երկարաձգման հնարավորությամբ, ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ Մակրոնն ու Հունաստանի կառավարությունը կքննարկեն նաև ծովային անվտանգությանն ու Հորմուզի նեղուցին առնչվող հարցեր, հավելել է պաշտոնյան։
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կասեցվել է կիրակի օրը, երբ Իրանը վերականգնել է վերահսկողությունը ռազմավարական ջրային ուղու նկատմամբ՝ Միացյալ Նահանգների հետ հրադադարի փխրուն համաձայնագրի ժամկետի լրանալուց մի քանի օր առաջ։
Հունաստանը գլխավորում է Եվրամիության ռազմածովային առաքելությունը, որը պատասխանատու է Կարմիր ծովում նավերի պաշտպանության համար, սակայն դեմ է Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության մասնակցությանը։


