Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ է
Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ էր։
«Խոր ցավով տեղեկացանք փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանի և լեյտենանտ Կանտեն Կլիսի մահվան մասին, ովքեր զոհվել են մարտական թռիչքի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնում երկու զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ֆրանսիայի օդային և տիեզերական ուժերի ողջ անձնակազմին»,- նշված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Mirage 2000D» տիպի երկտեղանի կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նանսի քաղաքի և «Նանսի-Օշե» ավիաբազայի մերձակայքում։ Միջադեպը տեղի է ունեցել բարդ եղանակային պայմաններում իրականացվող պլանային գիշերային ուսումնավարժական թռիչքի ժամանակ։
Ըստ հաղորդումների՝ ինքնաթիռում գտնվել են 27-ամյա օդաչուն և 44-ամյա սպան, որը պատասխանատու էր սպառազինության համակարգերի համար։ Անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են, քանի որ չեն հասցրել կատարել կատապուլտում (ինքնաթիռից վթարային դուրս նետում)։



