երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Flydubai-ի չեղարկված չվերթների ուղևորները ԱՄԷ-ից վերադարձել են Իսրայել․ Khaleej Times

Flydubai-ի չեղարկված չվերթների ուղևորները ԱՄԷ-ից վերադարձել են Իսրայել․ Khaleej Times

ԱՄԷ-ի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ավարտել է Flydubai ավիաընկերության չեղարկված չվերթների բոլոր ուղևորների դեպի Իսրայել վերադարձը։ Այս մասին հայտնում է Khaleej Times պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 2-ից ի վեր Դուբայից Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայան է իրականացվել 37 չվերթ, որոնցից օգտվել է 7 479 ուղևոր։ Նշվում է, որ հատուկ չվերթներն իրականացրել են Etihad Airways ավիաընկերությունն ու իսրայելական փոխադրողները։

Վարչությունում ընդգծել են, որ Etihad Airways-ը շարունակում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Թել Ավիվ։

Ավելի վաղ էմիրաթական Flydubai-ն, իշխանությունների պահանջով, ժամանակավորապես դադարեցրել էր դեպի Թել Ավիվ թռիչքները՝ Սաուդյան Արաբիայում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ դարձած միջադեպից հետո։ Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող օդանավը, անվտանգության հետ կապված խնդրի պատճառով, արտակարգ վայրէջք էր կատարել Թաբուք քաղաքի օդանավակայանում։ Հոկտեմբերի 1-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հաստատել էր, որ պատճառը երկրորդ օդաչուի հարձակումն էր օդանավի հրամանատարի վրա, ինչի հետևանքով երկուսն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել։ Գերատեսչությունում հստակեցրել էին, որ առողջական վիճակի բարելավումից հետո երկու օդաչուներն էլ էմիրաթյան ուժայինների ուղեկցությամբ մեկնել են Աբու Դաբի, իսկ անձնակազմի մյուս վեց անդամներն ավելի վաղ ապահով վերադարձել են Դուբայ։ ԱՄԷ-ի իշխանությունները շարունակում են տեղի ունեցածի պատճառների ու հանգամանքների քննությունը, ներառյալ շահագործման ասպեկտների և անվտանգության միջոցառումների ստուգումը։

  • Կիսվել: