Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել
Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավարտել է միջազգային հանցավոր ցանցի գործունեության նախաքննությունը, որը, ենթադրաբար, կազմակերպում էր երրորդ երկրների քաղաքացիների անօրինական տեղափոխումը Բելառուսից Ֆինլանդիա՝ նրանց հետագայում Եվրամիության այլ երկրներ տեղափոխելու նպատակով, հայտնում է Yle-ն։
Քննության տվյալներով, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ցանցը կազմակերպել կամ փորձել է կազմակերպել Ֆինլանդիա անօրինական մուտք ավելի քան 40 մարդու համար։
Տեղափոխվածների մեծամասնությունը նախկինում ապաստան էր խնդրել Լատվիայում, ինչից հետո ճանապարհը շարունակում էին դեպի Ֆինլանդիա՝ սկզբում օդային տրանսպորտով, իսկ ավելի ուշ՝ Էստոնիայի միջոցով ծովային ճանապարհով։
Քննիչները պարզել են, որ թե՛ միգրանտները, թե՛ հանցավոր ցանցի ենթադրյալ մասնակիցները ծագումով Արևելյան Աֆրիկայի երկրներից են։
Գործողության սկզբում միգրանտներին Ռիգայի օդանավակայանից Ֆինլանդիա էին տեղափոխում AirBaltic-ի չվերթներով։ 2026 թվականի հունվարին ցանցը փոխել է երթուղին․ միգրանտները սկսել են Լատվիայից գնացքով հասնել Տալլին, իսկ այնտեղից՝ լաստանավով Հելսինկի։
Տեղափոխման մի շարք փորձեր հաջողվել է կանխել։ Ֆինլանդիա ժամանածներից ոմանք այնուհետև շարունակել են ճանապարհը դեպի ԵՄ այլ երկրներ։
Քննության շրջանակում կասկածյալներից մեկը հայտնվել է կալանքի տակ։ Գործի նյութերը փոխանցվել են դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու համար։



