շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆինլանդիայի ՆԳՆ-ն ցանկանում է փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը

Ֆինլանդիայի ՆԳՆ-ն ցանկանում է փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը

Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել երթևեկությունը Ռուսաստանի հետ սահմանին, հայտնել է Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Մարի Ռանտանենը: Նրա խոսքով՝ Հելսինկին վախենում է անօրինական միգրանտների թվի աճից, տեղեկացնում է Կոմերսանտը:

Նախարարը հստակեցրել է, որ երկրի օրենքին համապատասխան՝ կարելի է նման սահմանափակումներ մտցնել ՛՛հասարակական կարգին, ազգային անվտանգությանը կամ բնակչության առողջությանը լուրջ սպառնալիքի դեմ՛՛ պայքարելու համար: ՛՛Ներքին գործերի նախարարությունն արագացված կարգով կառավարությանն առաջարկություն կներկայացնի սահմանային անցումները սահմանափակելու կամ փակելու մասին՛՛,-ասել է տիկին Ռանտանենը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ սահմանին առանց վիզայի միգրանտների թիվը դեռ փոքր է, բայց ՛՛զգալիորեն աճել է՛՛: ՛՛Խոսքը միշտ չէ, որ քանակի, այլ երևույթի մասին է: Մենք չենք կարող անմիջապես ձեռնարկել ամենախիստ միջոցները։ Բայց կառավարությունն իրավունք ունի ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք թույլ է տալիս օրենքը՛՛,-ընդգծել Է նախարարը։

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով՝ անցյալ շաբաթ առանց փաստաթղթերի երկրի արեւելյան սահման է ժամանել 71 մարդ՝ ապաստան խնդրելով, այս շաբաթ՝ մոտ 60 մարդ: Նշվում է, որ նրանց մեծ մասը Մերձավոր Արևելքից է։

Ֆինլանդիան սեպտեմբերի 30-ից արգելել է ռուսաստանցիներին երկիր մուտք գործել Շենգենյան վիզայով՝ զբոսաշրջության նպատակով: Իշխանությունները նաև սահմանափակել են մուտքը երկրի տարածք ռուսական համարանիշներով մեքենաներով։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ նմանատիպ սահմանափակումները վերաբերում են հեծանիվներով մուտք գործողներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: