երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների հարավային Մինդանաո տարածաշրջանում երկուշաբթի օրը 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։ Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացումներ են հայտարարվել Ֆիլիպիններում, ինչպես նաև հարևան Ինդոնեզիայում և Ճապոնիայում։

USGS-ի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:37-ին՝ մոտ 35 կիլոմետր խորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են

Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի նահանգի ափերի մոտ՝ Գեներալ Սանտոս քաղաքի հարևանությամբ, որը գտնվում է Մինդանաո կղզու ամենահարավային հատվածում։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հայտարարել է, որ հանձնարարել է բոլոր համապատասխան պետական մարմիններին անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ բնակիչների տարհանումն ու փրկարարական աշխատանքները սկսելու համար։

Սարանգանի նահանգի Ալաբել քաղաքի ոստիկանապետ Բենջի Անչետան Reuters գործակալությանը հայտնել է, որ երկրաշարժից անմիջապես հետո ոստիկանության շենքում ճաքեր են առաջացել։ Այդ պահին ոստիկանները մասնակցում էին դրոշի բարձրացման արարողությանը։

«Սա ամենաուժեղ երկրաշարժն է, որ մենք երբևէ զգացել ենք», — Reuters-ին հայտնել է նա։

Ինդոնեզիան ցունամիի նախազգուշացում է հայտարարել իր հյուսիսարևելյան ափերի համար։ Ճապոնիան նույնպես նախազգուշացում է հրապարակել իր առափնյա շրջանների համար։

  • Կիսվել: