կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Եվրոպական մի շարք երկրների իրավապահ մարմինները ձերբակալել են Վրաստանի ինը քաղաքացու, որոնք մասնակից են եղել եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողությանը: Նրանց գործունեությունից ընդհանուր վնասը հասնում է 2,5 միլիոն եվրոյի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրոպայի ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ):

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման չորս անդամներ, որոնք 18-19-րդ դարերի հարյուրավոր գրքեր են գողացել Եվրոպայի գրադարաններից։

Ըստ հրապարակման՝ ապրիլի 24-ին Վրաստանում և Լատվիայում գործողությանը մասնակցել է ավելի քան 100 իրավապահ։ Անցկացվել են 27 օբյեկտների խուզարկություններ, առգրավվել է ավելի քան 150 գիրք՝ դրանց ծագումը հետագայում պարզելու համար: Առգրավված գրքերից մեկը գողացված է եղել Ֆրանսիայի գրադարանից։

Ըստ հաղորդագրության՝ ավելի վաղ Էստոնիայում, Ֆրանսիայում և Լիտվայում ձերբակալվել է այդ նույն խմբավորման մեջ մտնող ևս 5 մարդ։

Եվրոպոլի տվյալներով՝ հանցագործները ամբողջ Եվրոպայի գրադարաններում մեծ մասամբ ռուս գրողների հազվագյուտ գրքերի առաջին հրատարակությունները, օրինակ` Ալեքսանդր Պուշկինի կամ Նիկոլայ Գոգոլի, փոխարինել են բարձր որակի կեղծված գրքերով: Առանձին դեպքերում նրանք ավելի բացահայտ են գործել՝ պարզապես թափանցել են գրադարաններ և գողացել հետաքրքրություն ներկայացնող գրքեր:

«Ենթադրվում է, որ հանցավոր խմբավորումն, ընդհանուր առմամբ, պատասխանատվություն է կրում առնվազն 170 գրքի գողության համար՝ պատճառելով շուրջ 2,5 միլիոն եվրոյի նյութական վնաս և անչափելի կորուստ հասցնելով հասարակությանը», - նշվում է Եվրոպոլի հաղորդագրությունում:

Հետաքննությանը մասնակցել են Վրաստանը, Լիտվան, Լեհաստանը, Ֆրանսիան և Շվեյցարիան, գործողությանը միացել են նաև Գերմանիան, Լատվիան, Ֆինլանդիան, Չեխիան և Էստոնիան։ Եվրոպական իրավապահ մարմինների աշխատակիցներին աջակցել են Եվրոպոլը և Արդարադատության մարմինների համագործակցության եվրոպական գործակալությունը:

  • Կիսվել: