Եվրոպայում անհանգստություն են հայտնել իսպանական Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով
Եվրոպացի առաջնորդներն անհանգստություն են հայտնում Մարոկկոյից Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք ավելի քան 40 հազար անօրինական միգրանտների հոսքի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 31-ին հաղորդում է The Guardian-ը։
Ֆինլանդիայի ՆԳ նախարարության ղեկավար Մարի Ռանտանենը հայտարարել է, որ Իսպանիան «բացարձակապես չի կարողացել իրականացնել Շենգենյան գոտու սահմանների պաշտպանությունը»։ Ռանտանենն աջակցում է «Իսպանիայի նկատմամբ շենգենյան գոտու կանոնները կասեցնելու» Իտալիայի առաջարկությանը:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը կոչ է արել Իսպանիային «արագ գործողություններ ձեռնարկել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու և շենգենյան կանոններին համապատասխան պարտավորությունները կատարելու համար»։
Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը հայտարարել է, որ իրավիճակը մտահոգիչ է։ Նա հույս է հայտնել, որ Իսպանիան հնարավոր ամեն բան կանի ԵՄ-ի սահմանները պաշտպանելու համար։ Բացի այդ, Բերենդսենը հայտնել է, որ այս իրավիճակը քննարկել է Իսպանիայի և Մարոկկոյի իր գործընկերների հետ։
Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունիեսը Սեուտա ներգաղթյալների հոսքի ֆոնին հայտարարել է Իսպանիայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու մասին։ Մասնավորապես, նա սահմանի մոտ տեղակայել է արագ արձագանքման ոստիկանական ուժեր։
Իսպանական կողմի տվյալներով՝ առնվազն 18 մարդ է զոհվել Մարոկկոյից Սեուտա անցնելու փորձի ժամանակ։ Միգրանտները տարածք են մտել ինչպես ցամաքով, այնպես էլ՝ ծովով։
Իսպանիան լրացուցիչ զինվորականներ և ոստիկաններ է ուղարկել Սեուտա՝ ճգնաժամային իրադրությունը կարգավորելու համար։ Բացի այդ, Մադրիդը փակել է Հյուսիսային Աֆրիկայում ինքնավար քաղաքի՝ Մելիլիայի սահմանը։



