հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եվրոպան սխալ թույլ կտա, եթե նավթի գների աճը զսպելու նպատակով վերադառնա ռուսական էներգակիրներին․ ֆոն դեր Լեյեն

Եվրոպան սխալ թույլ կտա, եթե նավթի գների աճը զսպելու նպատակով վերադառնա ռուսական էներգակիրներին․ ֆոն դեր Լեյեն

«Ներկայիս ճգնաժամի պայմաններում ոմանք պնդում են, թե մենք պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և նույնիսկ վերադառնանք ռուսական հանածո վառելիքի օգտագործմանը։ Դա ռազմավարական սխալ կլինի», - Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը մշակում է էներգակիրների գների նվազեցման տարբերակներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի գնման պայմանագրերի առավել արդյունավետ կիրառում, պետական աջակցության միջոցներ, սուբսիդիաներ կամ գազի գնի վերին շեմի սահմանում։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրներին կոչ է արել վերանայել ռուսական գազից հրաժարվելու որոշումը, որն ընդունվել էր Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով սահմանված պատժամիջոցների շրջանակում։ Նախատեսվում է, որ ռուսական գազի մատակարարումները վերջնականապես կդադարեցվեն մինչև 2027 թվականի նոյեմբերը։

«Եթե եվրոպական ընկերությունները, եվրոպական գնորդները հանկարծ որոշեն վերակողմնորոշվել և ապահովեն մեզ համար երկարաժամկետ, կայուն աշխատանք՝ զերծ քաղաքական կոնյունկտուրայից․․․, ապա խնդրեմ», - հայտարարել է նա:

Պուտինը հավելել է, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է հենց հիմա հրաժարվել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումից՝ չսպասելով, որ «մեր առջև ցուցադրաբար դուռ փակեն», և այդ հոսքերը վերաուղղել դեպի Ասիա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: