ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Վրաստան

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Վրաստան

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը հեռախոսով զրուցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ»,- նշված է ԵԽ հայտարարության մեջ, գրում է akhaltskha.net-ը:

«Գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Վերջին 24 ժամվա ընթացքում նա հեռախոսով զրուցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Լարված իրավիճակի և ներկա առճակատումների ֆոնին գլխավոր քարտուղարը արտահայտել է Եվրախորհրդի մտահոգությունը աճող բևեռացման և քաղաքական փակուղու առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ալեն Բերսեթը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ հետագա էսկալացիայից և ընդգծել ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի չափից դուրս կիրառման դեպքերի հետաքննության կարևորությունը։

«Քանի որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, գլխավոր քարտուղարը վերահաստատեց կազմակերպության դերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ կարծիքների փոխանակման գործում և հիշեցրեց Եվրոպայի խորհրդի արժեքներն ու չափանիշները հարգելու հանձնառությունը, ներառյալ ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքը:  Դա բխում է վրաց ժողովրդի, ամբողջ երկրի և նրա կայունության շահերից»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրախորհրդի համաձայն՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է իր վճռականությունը՝ շարունակելու աջակցել Վրաստանին նրա եվրոպական ձգտումներում և ապահովելու նրա ժողովրդավարական անվտանգությունը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը բոլոր համապատասխան գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ՝ ներկա ճգնաժամը հաղթահարելու համար։

«Եվրախորհուրդը պատրաստ է շարունակել աջակցել Վրաստանին, այդ թվում՝ գործող գործողությունների ծրագրի շրջանակներում, որը կուղեկցի երկրին եվրոպական ճանապարհին։ Այդ համատեքստում գլխավոր քարտուղարը ծրագրում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում այցելել Վրաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: