կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եվրախորհրդարանի նախագահը Ադրբեջանի խորհրդարանին հորդորել է զերծ մնալ եվրապատգամավորների հասցեին անհիմն մեղադրանքներից

Եվրախորհրդարանի նախագահը Ադրբեջանի խորհրդարանին հորդորել է զերծ մնալ եվրապատգամավորների հասցեին անհիմն մեղադրանքներից

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային ուղղված նամակում վճռական անհամաձայնություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի արած հայտարարություններին։

«Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարոն Գյանջալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ կոռուպցիայի միջոցով խորհրդարանականների ֆինանսավորման մեխանիզմ ստեղծելու համար: Իր մեղադրանքների համար ոչ մի հիմք չներկայացնելով՝ նա պնդել է, որ Լեռնային Ղարաբաղում թալանված ոսկու հանքավայրերից ստացված եկամուտները մտնում են Ադրբեջանի գործողությունները քննադատող կազմակերպության անդամների գրպանը։ Նա նաև տարածել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդի նկատմամբ ուղղակի անձնական հարձակմամբ հոդվածը՝ կեղծ մեղադրելով նրան կոռուպցիայի համար»,- գրել է Մեցոլան։

Միևնույն ժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու լավ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ՝ փոխադարձ հարգանքի ոգով։

«Դա կարող է ներառել կառուցողական քննադատություն, որը, սակայն, պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ ոչ թե անհիմն և զրպարտող պնդումների»,- հավելել է Մեցոլան:

Եվրախորհրդարանի նախագահը խնդրել է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։

  • Կիսվել: