Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց զրկել ԵՄ երկրներում ավտոմատ կերպով ժամանակավոր պաշտպանության իրավունքից։ Այս միջոցառումն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանունակությունն ապահովելու համար, հայտարարել է Բրյուսելի գերատեսչությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ավտոմատ կերպով ժամանակավոր պաշտպանություն չպետք է տրամադրվի Ուկրաինայից բոլոր նոր ժամանողներին, եթե նրանք «Ուկրաինայի իշխանություններից երկիրը լքելու թույլտվություն չեն ստացել»։ Ըստ dpa-ի՝ դա վերաբերում է 23-60 տարեկան տղամարդկանց։
Բրյուսելն ընդգծել է, որ այդ կերպ պատասխանում են Ուկրաինայի իշխանությունների խնդրանքին, որին նախկինի պես մեծ թվով զինծառայողներ են անհրաժեշտ երկրի պաշտպանության համար:
Ավելի վաղ Գերմանիայի արդարադատության նախարար Շտեֆանի Հյուբիգը, Կիև կատարած այցի ժամանակ, աջակցել է զորակոչային տարիքի տղամարդկանց պաշտպանություն չտրամադրելու գաղափարին և նշել Ուկրաինայի պաշտպանական ներուժը պահպանելու կարևորությունը։



