չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եվրահանձնաժողովի ղեկավարը կառաջարկի բարեփոխել թեկնածու երկրների՝ ԵՄ անդամակցության գործընթացը

Եվրահանձնաժողովի ղեկավարը կառաջարկի բարեփոխել թեկնածու երկրների՝ ԵՄ անդամակցության գործընթացը

Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի կներկայացնի առաջարկներ, որոնք կփոխեն ԵՄ նոր անդամների ընդունման կարգը, հայտնում է Politico-ն։

Փաստաթղթի նախագծի համաձայն, որին հղում է անում պարբերականը, Եվրահանձնաժողովը  կառաջարկի Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանների պետություններն աստիճանաբար ինտեգրել ԵՄ-ին: Դա, ինչպես կարծում են Բրյուսելում, «թույլ կտա ԵՄ անդամակցությանը սպասող պետություններին օգտվել որոշ առավելություններից, այլ ոչ թե տարիներ կամ տասնամյակներ սպասել, մինչև կիրականացվեն անհրաժեշտ բարեփոխումները»:

Մասնավորապես, կառաջարկվի թեկնածու երկրներին թույլ տալ աստիճանաբար միանալ միասնական շուկային։ Միևնույն ժամանակ, ԵՀ-ն զգուշացրել է, որ միասնական շուկայի իրավունքներն ու պարտականությունները «չեն կարող ընտրովի լինել», իսկ ԵՄ առաջնորդները պետք է քննարկեն, թե ինչ պարտավորություններով պետք է ուղեկցվեն շուկա մուտք գործելու այս կամ այն մակարդակները կամ փուլերը:

Քանի որ ԵՄ առաջնորդներից շատերն արդեն զգուշացնում են, որ 30-ից ավելի անդամի դեպքում միությունը ավելի դժվար կլինի կառավարել, Եվրահանձնաժողովը՝ ապագա փակուղիներից խուսափելու համար, կառաջարկի հրաժարվել միաձայնության պահանջից, որն արգելակում է արտաքին և հարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների ընդունումը:

Փաստաթուղթը նախատեսում է որակյալ մեծամասնությամբ քվեարկություն «համապատասխան և համամասնական երաշխիքներով, որոնք հաշվի են առնում ռազմավարական ազգային շահերը», նշում է պարբերականը։

  • Կիսվել: