Եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը. Մասուդ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում Հորմուզի նեղուցի բացումը պայմանավորել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարմամբ, պատժամիջոցների վերացմամբ և Իրանի ֆինանսական ռեսուրսների ապասառեցմամբ։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության նախագահի հայտարարությունը։
«Եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, վերացնի շրջափակումը և պատժամիջոցները, վերացնի նավթի և նավթաքիմիական արտադրանքի վրա սահմանափակումները, ապասառեցնի մեր ակտիվները և վերսկսի ներդրումները, ինչպես նաև դադարեցնի Լիբանանում ձեռնարկվող գործողությունները և Իսրայելին ստիպի հետևել համաձայնեցված շրջանակին, ապա մենք նույնպես կբացենք Հորմուզի նեղուցը՝ համակարգի քաղաքականության շրջանակներում կայացված որոշումների համաձայն»,-հայտարարել է Փեզեշքիանը։
Նշենք, որ օրեր առաջ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը:
Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմին հաջորդող վեց ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է, ինչը հանգեցրել է նավթի և գազի գների բարձրացման։
Հունիսին Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտումից և մի քանի օրով ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԱՄՆ-ն հուլիսին հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը վերսկսելու մասին։ Իրանն էլ հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը և թույլ չի տալիս այնտեղով անցնել այն նավերին, որոնք իր հետ նախապես չեն համաձայնեցրել ջրային ուղով անցումը։
ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։



