Ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների, այլ երկկողմ հարաբերությունների վրա. Եղոյանը՝ ՌԴ-ի՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ այն փաստին, որ ընտրությունների վերջնական արդյունքների վերջնական ամփոփումից չորս օր է անցել, բայց Ռուսաստանը դեռ չի շնորհավորել։
Եղոյանը, մասնավորապես, նշեց. «Դա պետք է ռուսական կողմին հարցնել և իրենց ներկայացուցիչներին, բայց ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների, այլ երկկողմ հարաբերությունների վրա: Այդ երկկողմ հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված հարցեր, և այդ ուղղությամբ մենք պետք է աշխատանք տանենք, ոչ թե կենտրոնանանք շնորհավորել-չշնորհավորելու վրա»:
Նա հավելեց, որ դրանք անուղղակիորեն փոխկապակցված են, բայց շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն։
Խոսելով այն մասին, թե արդյոք Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն, թե ոչ՝ Եղոյանը նշեց. «Եթե պիտի լինի, ուրեմն՝ պիտի լինի։ Ամեն դեպքում, տեղի են ունեցել ընտրություններ, ձևավորվել է իշխանություն, այդտեղ, կարծում եմ, որևէ մեկը կասկած չունի, և որևէ մեկը կասկած չի արտահայտել, թե ըստ ընտրությունների արդյունքների՝ ով է ընտրվել Հայաստանի վարչապետ, որ քաղաքական ուժն է ձևավորում խորհրդարանական մեծամասնություն։ Այդտեղ, կարծում եմ, կասկած որևէ մեկի մոտ չկա, ես ամեն դեպքում չեմ լսել նման կասկած նույնիսկ ընդդիմադիրներից։ Մնացածը արդեն աշխատանքային կարգով կլուծվի»։



