Ես ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. Թրամփ
Միացյալ Նահանգները հակամարտում է Իրանի դեմ, և այդ հակամարտությունը շատ լավ հանգուցալուծում կստանա, ինչպես Վենեսուելայի դեպքում՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ՝ գուցե ինչ-որ բանի հասնենք։ Ես ցանկանում եմ նրանց հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը։ Շատ բարդ է անել այն, ինչ պլանավորել ենք։ Կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես կնախընտրեի խոշոր հարձակում չսկսել այդ երկրի դեմ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը:
Նա կրկնել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Թեհրանի հետ ուղիղ բանակցությունները շարունակվում են, թեև իրանական կողմը հերքում է այդ պնդումը:
«Երեկ պատրաստվում էինք նրանց շատ ուժեղ հարված հասցնել՝ ամենաուժեղը։ Սակայն այս պահին մենք բանակցում ենք և հենց Իրանի խնդրանքով: Այդ գործընթացին աջակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, նաև ուրիշները»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Նա նախազգուշացրել է՝ սա գործարքի գնալու Իրանի վերջին հնարավորությունն է։ Թրամփը նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է, և Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին՝ վճար սահմանել նեղուցով նավերի անցման համար:



