կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երուսաղեմի քրիստոնյաները համախմբվել են Հայկական եկեղեցու շուրջ վիճելի հողային համաձայնության պատճառով

Երուսաղեմի քրիստոնյաները համախմբվել են Հայկական եկեղեցու շուրջ վիճելի հողային համաձայնության պատճառով

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, գրել է Reuters-ը։

Հայկական համայնքը սեփական շրջան ունի հին Երուսաղեմում՝ չորս թաղամասերից ամենափոքրը, որը ներառում է տարբեր մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական թաղամասեր։

Բայց հայերն ասում են, որ արտաքսման վտանգի են ենթարկվում իրենց տարածքի մոտ 25 տոկոսը կառուցապատողներին վարձով տալու պատճառով, որոնք ցանկանում են այստեղ շքեղ հյուրանոց կառուցել։

Համաձայնագիրը ստորագրվել է Երուսաղեմի Հայկական եկեղեցու ղեկավարի կողմից 2021թ. հուլիսին, բայց համայնքի անդամները հայտարարել են, որ առաջին անգամ են լսել դրա մասին, երբ այս տարի սկսվել են աշխատանքներն այս շրջանում։ Նա իր թեմին ասել է, որ իրեն մոլորեցրել են, եւ դատի է տվել գործարքը չեղյալացնելու համար։

Անցած շաբաթ, սակայն, բուլդոզերներն սկսել են քանդել ավտոկայանը, որն ընդգրկում է վիճելի տեղամասի մի մասը։ Երբ ընդվզողները փորձել են արգելել, հայտնվել են զինված իսրայելցի հրեա վերաբնակները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, բայց անհաջող։

«Այս սադրանքները սպառնում են ջնջել հայկական ներկայությունն այս շրջանում»,- ասել են քրիստոնյա առաջնորդները, այդ թվում հունական ուղղափառ եւ Հռոմեական կաթոլի եկեղեցիների ղեկավարները։

Հայկական համայնքում հավաստիացնում են, որ  գործարքի ներդրողը ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռուբինշտեյնն է, որը ԱՄԷ-ում գրանցված Xana Capital Group-ի տերն է։

Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301թ., եւ թեեւ նրա եկեղեցին շատ ավելի փոքր է հունական ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներից, այն հավասար իրավունքներ ունի Երուսաղեմում։

Հայկական թաղամասի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբ տաճարը, որը կառուցվել է 420թ.։

Թաղամասը Երուսաղեմի պատով առանձնացված հատվածի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում, այստեղ ապրում է ընդամենը 1 000 մարդ։

Տեղի հայերն ասում են, որ վարձակալման նախագիծը կկլանի ոչ միայն իրենց ավտոկայանը, այլեւ հանրային սրահը, պատրիարքական այգին, ճեմարանը եւ հինգ տուն։

«Հայերն այստեղ ապրում են IV դարից, բայց հիմա մեզ սպառնում են արտաքսել»,- ասել է 23-ամյա ուսանող Հակոբ Ջերնազյանը։ «Մենք ստիպված ենք պայքարել մեր գոյության համար»,- շարունակել է նա։

Իսրայելցի իրավաբան, ակտիվիստ Դանիել Զայդեմանը ասել է, որ նախագիծն ուղղված է Հրեական թաղամասի տարածքի ընդլայնմանը Հին քաղաքում։

Իսրայելը զավթել է Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը 1967թ. պատերազմում։ Նա ամբողջ քաղաքը համարում է իր հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաքը։ Պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի Արեւելյան Երուսաղեմը դառնա ապագա պետության մայրաքաղաքը։

«Մեզ հայտնի է Հին քաղաքը դրսից վերաբնակներով շրջապատելու պլանի մասին։ Մենք կասկածում ենք, որ Հայկական թաղամասի վերաբերյալ գործարքը նպատակ ունի շարունակել այդ պլանը քաղաքի պատերի ներսում»,- ասել է Զայդեմանը Reuters գործակալությանը։ «Բայց դրա շուրջ խախտումներն այնքան շատ են, որ մեծ է հավանականությունը, որ դատարաններն այն կչեղարկեն»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: