երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Երկարատև բանակցություններ է պահանջում. Պեսկովը՝ Թրամփի նախաձեռնության մասին

Երկարատև բանակցություններ է պահանջում. Պեսկովը՝ Թրամփի նախաձեռնության մասին

Սպառազինությունների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ երկխոսությունը բարդ թեմա է, որը երկարատև փորձագիտական բանակցություններ է պահանջում։ Լրագրողներին հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սպառազինությունների վերահսկման հարցով ԱՄՆ–Ռուսաստան–Չինաստան եռակողմ բանակցություններ անցկացնել։

«Դա այնքան բարդ թեմա է, որ այն բավական երկարատև, մանրակրկիտ և փորձագիտական բանակցություններ է պահանջում։ Ուստի այն խիստ ձգձգված գործընթաց կլինի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Թրամփի նախաձեռնությանը։

Ինչ վերաբերում է նման բանակցություններին Չինաստանի մասնակցությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Պեկինը դա անհրաժեշտ չի համարում, քանի որ Չինաստանի միջուկային ներուժը համեմատելի չէ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջուկային ներուժի հետ։ Նա հավելել է, որ Մոսկվան տեղյակ չէ այս հարցում Պեկինի դիրքորոշման որևէ փոփոխության մասին։

  • Կիսվել: