հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։

«Ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և որի հույսն ունեինք քաղաքային ընտրություններում», - ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին (մեջբերում է Anadolu-ն):

Էրդողանը կարծիք է հայտնել, որ ժողովուրդը ընտրության միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը քաղաքական գործիչներին, և անկախ քվեարկության արդյունքներից՝ հաղթող է դարձել թուրքական ժողովրդավարությունը։ Նա նշել է, որ ընտրություններն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Էրդողանի խոսքով՝ դրանք «ոչ թե վերջն էին, այլ շրջադարձի սկիզբը»։

Երկրի ղեկավարը խոստացել է, որ առաջիկա 4-5 տարիներին իր կուսակցությունը կենտրոնանալու է երկրի հրատապ խնդիրների վրա։

Քվեաթերթիկների 93%-ի հաշվարկից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստացել է ձայների 37,4%-ը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,7%: Ընտրությունների արդյունքներից հետո երեք խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը կպահպանեն իրենց պաշտոնները։

  • Կիսվել: