Թուրքիայի մասնակցությունը ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին բխում է բոլոր կողմերի փոխադարձ շահերից. Էրդողան
Տարածաշրջանային վերջին իրադարձությունները կրկին ընդգծել են Թուրքիայի և Եվրոպական միության միջև հարաբերությունների աշխարհաքաղաքական նշանակությունը։ Այս մասին Ստամբուլում Բելգիայի թագուհի Մաթիլդայի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Թուրքիայի հաղորդակցության վարչությունը:
Էրդողանի խոսքով՝ Մաքսային միության՝ ընթացիկ պայմաններին համապատասխան արդիականացումն «արագ առաջընթաց պահանջող առանցքային ոլորտ է» դեպի ԵՄ Թուրքիայի լիիրավ անդամակցության ճանապարհին։
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Բելգիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ «Նախագահ Էրդողանը միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիայի մասնակցությունը ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին բխում է բոլոր կողմերի փոխադարձ շահերից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թուրքիան և Բելգիան համագործակցության զգալի ներուժ ունեն ոլորտների լայն շրջանակում՝ ներառյալ առևտուրը, պաշտպանական արդյունաբերությունը, էներգետիկան և գյուղատնտեսությունը: Նա հավելել է, որ երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը կշարունակվեն։


