Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն
Եմենի կառավարությունը ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության կարիքն ունի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման (հութիների) ջոկատների կողմից ռազմական գործողությունների սրման պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Եմենի Նախագահական ղեկավար խորհրդի (ՆՂԽ) նախագահի տեղակալ Աբդուլլահ ալ-Ալիմի Բավազիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ անպայման անհրաժեշտ է Միացյալ Նահանգների ռազմական աջակցությունը անվտանգության ոլորտում։ Օդային գործողությունները կարևոր են, բայց Եմենի կառավարության և ցամաքային ուժերի աջակցությունն անշուշտ կերաշխավորի այս կազմավորումների կողմից եկող վտանգի վերացումը», - ասել է փոխնախագահը լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումների շրջանակներում։
Նա ուղղակիորեն չի նշել, թե ինչ ձևաչափով պետք է ԱՄՆ-ն աջակցություն ցուցաբերի Եմենի կառավարությանը։ Բավազիրը նաև հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե սեպտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր Եմենի ՆՂԽ նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի խնդրանքը՝ ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
«Մենք չենք խնդրում ամերիկյան զինվորներին գնալ և կռվել մեր փոխարեն, բայց մենք չենք կարող խնդրել նրանց անգործ մնալ», - հավելել է Բավազիրը։
Նշենք, որ իրավիճակը Եմենում կտրուկ սրվել է սեպտեմբերի սկզբին, երբ «Անսար Ալլահ» շարժումը հարձակման է անցել երկրի հարավ-արևմուտքում։ Ցամաքային առաջխաղացմանը զուգահեռ՝ հութիները սկսել են հարվածներ հասցնել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով Կարմիր ծովի առափնյա շրջաններին և Տաիզ քաղաքի մերձակայքին՝ ձգտելով կտրել դեպի Մոխա տանող ճանապարհները և առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցին մոտ գտնվող շրջաններ: Սեպտեմբերի 12-ին «Անսար Ալլահ»-ի քաղբյուրոյի անդամը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ հութիներն ավարտել են Եմենի արևմուտքում՝ դեպի նեղուց ելք ունեցող տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողությունը։



