հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եմենի իշխանություններն ու հութիները գերիների փոխանակություն կիրականացնեն

Եմենի իշխանություններն ու հութիները գերիների փոխանակություն կիրականացնեն

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, հայտնել է Հորդանանում ընթացող բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավարի տեղակալ Յահյա Կազմանը։

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Եմենի կառավարությունը և «Անսար Ալլահ» խմբավորումը Հորդանանի մայրաքաղաքում եռամսյա բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` երկու կողմից գերեվարված 1728 մարդ կփոխանակվի»:

Կազմանը հավելել է, որ համաձայնագիրը ներառում է արաբական կոալիցիայի մի շարք ռազմական ուժերի, կառավարական բանակի զինծառայողների և անվտանգության ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև հութիների բանտերում գտնվող մի շարք քաղաքական գործիչների ու լրագրողների ազատ արձակում:

Իր հերթին բանակցություններում հութիների պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդեսալամն էլ իր տելեգրամյան էջում նշել է, որ գործարքի շրջանակում իրենք ազատ կարձակեն 580 բանտարկյալի, այդ թվում՝ 7 սաուդցի և 20 սուդանցի զինվորականի, իսկ կառավարական կողմը՝ հութիների 1100 կողմնակիցների:

Հիշեցնենք, որ Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, երբ Սանայում հութիները զավթեցին իշխանությունը:

  • Կիսվել: