ԵՄ-ը ընդլայնումը աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է. Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնումն այլևս լոկ ցանկություն չէ, այլ «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն»։
Համբուրգում Die Zeit թերթի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նա շեշտել է, որ Եվրոպան պետք է գործի ավելի մասշտաբային՝ թույլ չտալու համար տարածաշրջանի անցումը այլ տերությունների ազդեցության տակ։
«Մենք պետք է ավարտին հասցնենք եվրոպական մայրցամաքի ձևավորումը, որպեսզի այն չհայտնվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ։ Մենք պետք է մտածենք ավելի լայն և աշխարհաքաղաքական տեսանկյունից»,- նշել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի պնդմամբ՝ Եվրոպայի հին մոդելը, որը հիմնված է եղել Ռուսաստանից ստացվող էժան էներգակիրների, Չինաստանի էժան աշխատուժի և ԱՄՆ-ի տրամադրած անվտանգության երաշխիքների վրա, այլևս գոյություն չունի։ Ըստ նրա՝ այդ ժամանակաշրջանն ավարտվել է, և այժմ Եվրոպան պետք է կառուցի իր ինքնուրույն ուժն ու ընդլայնի դաշնակիցների շրջանակը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու համար։
Առանձին նա անդրադարձել է ԵՄ-ում որոշումների ընդունման հարցին՝ հայտարարելով, որ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է հրաժարվել միաձայնության սկզբունքից։ Նրա խոսքով՝ արտաքին գործերի նախարարների խորհրդում պետք է անցնել մեծամասնության քվեարկությանը, որպեսզի Եվրոպան կարողանա ավելի արագ և արդյունավետ որոշումներ կայացնել:
Խոսելով էներգետիկ քաղաքականության մասին՝ ֆոն դեր Լայենը նշել է, որ վերականգնվող էներգիայի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև միջուկային էներգետիկա՝ հավելելով. «միջուկային էներգիայից հրաժարվելը սխալ էր»:
Նա նաև ընդգծել է թվային միջավայրում երեխաների պաշտպանության համաեվրոպական մոտեցման անհրաժեշտությունը՝ հայտարարելով սոցիալական ցանցերի և առցանց հարթակների դեմ միջոցառումների ուժեղացման անհրաժեշտության մասին:


