ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԵՄ-ում քննարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հարցը․ FT

ԵՄ-ում քննարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հարցը․ FT

Եվրոպական միության անդամ երկրները քննարկում են ԵՄ դիվանագիտական ծառայության հնարավոր արմատական բարեփոխման տարբերակները։ Սա տեղի է ունենում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալասի աշխատանքում ձախողումների ֆոնին, հայտնում է «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ակնհայտ է, որ [EEAS-ը] չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեր ժամանակակից աշխարհում։ Այն չի գործում արդյունավետ կերպով։ Խնդիրը կառուցվածքային է, հետևաբար՝ կառուցվածքը պետք է վերանայվի»,— թերթը մեջբերել է անանուն աղբյուրի մեկնաբանությունը։

Նշվում է, որ եվրոպական երկրները դիտարկում են Կալասին և նրա գերատեսչությանը (որն ունի 1 միլիարդ եվրո բյուջե) լիազորություններից զրկելու հնարավորությունը՝ EEAS-ի գործառույթները Եվրամիության անդամ պետություններին փոխանցելու նպատակով։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Փարիզի առաջարկը ներառում է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավարի ինքնուրույնության հնարավոր սահմանափակումը և աշխարհասփյուռ պատվիրակությունների նկատմամբ նրա վերահսկողության թուլացումը։ Արդյունքում, ինչպես ընդգծում են աղբյուրները, «իրական ռիսկ կա, որ [EEAS-ը] պարզապես կկործանվի»։ Միևնույն ժամանակ, անդամ երկրների ներկայացուցիչները վստահ են, որ կառույցի բարեփոխումը կօգնի տնտեսել Բրյուսելի միջոցներն ու զգալիորեն կրճատել բյուրոկրատական ապարատը։

Որոշ եվրոպական մայրաքաղաքներում դժգոհում են, որ EEAS-ի, անդամ երկրների ԱԳՆ-ների, Եվրահանձնաժողովի ու ԵՄ Խորհրդի արտաքին կապերի բաժինների գործառույթները հաճախ կրկնվում են, իսկ դրանց միջև չկա հստակ համակարգում։ Վերջին ճգնաժամերը եվրոպացի քաղաքական գործիչներին ստիպել են կասկածել կառույցի արդյունավետությանը՝ օպերատիվ որոշումներ կայացնելու հարցում։ Բացի այդ, դիտարկվում է, որ Կայա Կալասը հաճախ անձնական տեսակետներ է հայտնում այնպիսի հարցերի շուրջ, որոնք պետք է համատեղ համաձայնեցված լինեին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: