կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվների 90 տոկոսը Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց

ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվների 90 տոկոսը Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց

Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների 90 տոկոսը կուղղվի Ուկրաինայի ռազմական կարիքներին, հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այսպիսով, Եվրամիության երկրները կոնսենսուսի են հասել այդ եկամուտների օգտագործման հարցում։

«Մեզ մոտ Եվրոպայում կոնսենսուս կա այն հարցում, որ մենք ցանկանում ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվների չնախատեսված շահույթը։ Դա զգալի գումար է՝ տարեկան մի քանի միլիարդ։ Մենք նաեւ  եկել ենք համաձայնության, որն այժմ վերջնական տեսք է ստանում, այն մասին, որ մենք ցանկանում ենք նաեւ օգտագործել այդ միջոցների 90 տոկոսը Ուկրաինայի պաշտպանական նպատակների համար»,- ասել է Շոլցը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունում նաեւ համաձայն են, որ այդ փողերը կարող են օգտագործվել զենք գնելու համար «ոչ միայն ԵՄ-ում, այլեւ ամբողջ աշխարհում»։

Մարտին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել էր Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների եկամուտների 90 տոկոսն ուղարկել ԵՄ-ի կողմից կառավարվող հիմնադրամ, որը ֆինանսավորում է Ուկրաինայի ռազմական օգնությունը։

Ինչպես գրել է Reuters-ը, Արեւմուտքում կենտրոնացած ռուսական բոլոր ակտիվների 70 տոկոսը պահվում է արժեթղթերի Euroclear կենտրոնական դեպոզիտարիայում (Բելգիա), խոսքը ՌԴ ԿԲ արժեթղթերի եւ դրամական միջոցների մասին է, համարժեք 190 մլրդ եվրոյին (204,67 մլրդ դոլար)։

Վերջնական որոշումը պետք է ընդունվի Իտալիայում հունիսին կայանալիք G7-ի գագաթաժողովում։

ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ այլ երկրներ պատժամիջոցներ են մտցրել եւ սառեցրել Ռուսաստանի եւ ռուս օլիգարխների ակտիվները Ուկրաինա ՌԴ լայնածավալ ներխուժումից հետո։ Ամռանը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս օլիգարխների եւ ՌԴ ԿԲ ավելի քան 330 մլրդ դոլարի հասնող ակտիվների սառեցման մասին։

  • Կիսվել: