ԵՄ-ում ցանկանում են ինքնուրույն պաշտպանվել, սակայն մեծամասնությունը կասկածում է, որ կկարողանան առանց ԱՄՆ-ի. հարցում
Եվրամիության 24 երկրներում անցկացված հասարակական կարծիքի նոր հետազոտությունը ցույց է տալիս եվրոպացիների աճող ձգտումը՝ ԱՄՆ-ի ռազմական աջակցության փոխարեն հենվելու սեփական պաշտպանական կարողությունների վրա, սակայն միաժամանակ արձանագրում է լուրջ կասկածներ այն հարցում՝ արդյո՞ք Եվրոպան իսկապես ի վիճակի է ապահովել նման ինքնավարություն։
Ըստ Public First-ի հունիսյան հարցման, որը ներկայացրել է Politico պարբերականը, հարցվողների 40%-ն ընդունելի է համարում, որ իրենց երկրներն ապավինեն Եվրոպայի ներսում գործող ռազմական օգնությանը, մինչդեռ միայն 14%-ն է թույլատրելի համարում հենվել արտաքին գործընկերների, դրանց թվում՝ Միացյալ Նահանգների վրա։
Միաժամանակ, հասարակական կարծիքը շարունակում է երկփեղկված մնալ ինքնուրույն պաշտպանությանը Եվրոպայի իրական պատրաստվածության վերաբերյալ. 41%-ը կարծում է, որ ԵՄ-ն ի վիճակի է պաշտպանել սեփական քաղաքացիներին, մինչդեռ 43%-ը հակառակ տեսակետն է արտահայտում։ Էլ ավելի քննադատաբար է գնահատվում ազգային պատրաստվածությունը. հարցվածների 58%-ը հայտարարել է, որ իրենց երկրները պատրաստ չեն ինքնուրույն պաշտպանության։
Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի՝ որպես անվտանգության երաշխավորի հանդեպ վստահության անկումը համընկնում է տրանսատլանտյան դաշինքի կայունության վերաբերյալ Եվրոպայում աճող անհանգստության հետ։ Նման պայմանններում ուժգնանում են քննարկումները ՆԱՏՕ-ի ներսում պաշտպանական պարտավորությունների վերաբաշխման և եվրոպական ռազմական ծախսերի աճի շուրջ։
Միաժամանակ, եվրոպացիների զգալի մասը շարունակում է աջակցել սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացմանը. հարցվածների 46%-ը համաձայնել է այն մտքին, որ ԵՄ երկրները պետք է սպառազինություն արտադրեն Եվրոպայի ներսում, նույնիսկ եթե դա ավելացնում է ծախսերը։
Հարցումը վեր է հանել նաև զգալի տարածաշրջանային տարբերություններ։ Սեփական պաշտպանունակության հարցում ամենամեծ վստահությունը դրսևորել են Ֆինլանդիայի բնակիչները, որտեղ 76%-ը երկիրը պատրաստ է համարում պաշտպանությանը՝ առանց արտաքին օգնության։
Ռուսաստանին ավելի մոտ գտնվող երկրներում, ներառյալ՝ Մերձբալթյան պետությունները, Ռումինիան և Բուլղարիան, ընդհակառակը, տագնապայնության և կասկածների մակարդակը զգալիորեն ավելի բարձր է արձանագրվել։


