երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԵՄ-ն մտադիր է կրկնակի ավելացնել գազի ներմուծումն Ադրբեջանից

ԵՄ-ն մտադիր է կրկնակի ավելացնել գազի ներմուծումն Ադրբեջանից

Եվրամիությունը մտադիր է կրկնակի ավելացնել գազի ներմուծումն Ադրբեջանից, որպեսզի դրանով փոխարինի ռուսական մատակարարումները:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ստորագրել է  մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները կրկնակի կավելանան՝ 2027թ. ամեն տարի Եվրոպա կմատակարարվի 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ։
 
Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ այժմ Ադրբեջանը մատակարարում է 8,1 մլրդ խորանարդ մետր, իսկ եկող տարվանից այդ ցուցանիշը պետք է հասնի 12 միլիարդի, ինչը «կօգնի ծածկել ռուսական գազի մատակարարումների կրճատումը»։
 
Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ մտադրությունների հչռակագիրը «նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունում»։
 
Նրա խոսքով՝ Բաքուն կդառնա ԵՄ-ի կարեւորագույն գործընկերը «մատակարարումների մեր անվտանգության եւ կլիմայական չեզոքության ճանապարհին»։
 
Գազի մատակարարումներից բացի՝ հուշագիրը նախատեսում է նաեւ ավելի սերտ համագործակցություն էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։ Ըստ ֆոն դեր Լյայենի՝ Ադրբեջանն ունի «հսկայական պոտենցիալ» այս ոլորտում, հատկապես ծովային հողմային էներգետիկայի եւ «կանաչ» ջրածնի։ Այսպիսով, Ադրբեջանը գազի մատակարարից կվերածվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի գործընկերոջ։ Երկու երկրներն աշխատում են նաեւ մի համաձայնագրի շուրջ, որը կկնքվի շուտով։
 
Մի քանի օր առաջ Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին առաջարկել էր Բաքվի հետ կնքել գործարք, որով նախատեսվում է ընդլանել գազի արդյունահանումն Ադրբեջանում եւ մեծացնել խողովակաշարերի ցանցը, որպեսզի կրճատվի կախվածությունը ռուսական էներգակիրներից։
 
2021թ. եվրոպական երկրները Տրանսադրիատիկ գազատարով (Հարավային գազային միջանցքի հատված) ավելի քան 8 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։

  • Կիսվել: