չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Իռլանդիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ սոցցանցի իր էջում գրել է, որ կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ օգոստոսի սկզբին Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկ նյութերով բեռնված անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հիբրիդային հարձակման փորձի առնչությամբ, տեղեկացնում է Deutsche Welle-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լայպցիգի հարձակումներն ունեն պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները։ Մենք կպատասխանենք վճռականորեն։ Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 կետերն արդեն մշակվում են, և մենք պատրաստ ենք ավելի շատացնել դրանք։ Մենք, ինչպես նաև շատ անդամ պետություններ, նաև կանչել ենք ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին»:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Բեռլինի կառավարությունը եզրակացրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու ձախողված հարձակման համար։

Հիշեցնենք նաև, որ նախագահ Վլադիմիր Պուտինը, մերժել են Մոսկվային ուղղված մեղադրանքները և նշել, որ Բեռլինը ցանկանում է շեղել ուշադրությունը սեփական թերություններից։

Օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում տեղի է ունեցել ուկրաինական An-124 բեռնատար ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձ։ Գերմանացի քննիչներին հղում անելով՝ լրատվամիջոցները նշել են, որ ենթադրյալ հարձակմանը մասնակցել է մի քանի անօդաչու թռչող սարք։ Պայթուցիկ նյութեր պարունակող ԱԹՍ-ներից մեկը հայտնաբերվել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռների մոտ, իսկ երկրորդը, հավանաբար, բախվել է DHL բեռնատար ինքնաթիռին առաջինի հայտնաբերումից մի քանի րոպե անց։

  • Կիսվել: