ԵՄ-ն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն
Եվրամիությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, տեղեկացնում է The Insider-ը՝ հավելելով, որ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կայացված որոշումը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի հիմնական տարրն է:
Նշվում է նաև, որ Եվրամիությունը հաստատել է Իրանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ: Պատժամիջոցներ կիրառվել են շուրջ 30 անհատների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված էին ներքին բռնաճնշումների և Ուկրաինայում պատերազմի աջակցության մեջ: Նրանց ակտիվները ԵՄ երկրներում կսառեցվեն, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի նրանց ֆինանսավորում տրամադրել, մուտքի արգելքներ կսահմանվեն, իսկ արտահանման սահմանափակումները կընդլայնվեն։
Ըստ աղբյուրի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Ֆրանսիան փոխեց իր դիրքորոշումը և աջակցեց այդ քայլին: Նախկինում Փարիզը դեմ էր դրան՝ վախենալով գործող պատժամիջոցների կրկնությունից և իրանական բանտերում պահվող՝ Ֆրանսիայի քաղաքացիների համար հնարավոր հետևանքներից:
Իր հերթին ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հաստատել է, որ ԵՄ երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ նշելով, որ Թեհրանի հետ դիվանագիտական ուղիները կմնան բաց։
Հաղորդվում է նաև, որ ԵՄ-ի խստացման քաղաքականությունը պայմանավորված էր Իրանում վերջին բողոքի ցույցերից հետո տեղի ունեցած զանգվածային բռնաճնշումներով։


