հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին նոր բանաձև է ընդունել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի ցածր վարկանիշը Մամուլի ազատության ինդեքսում և փաստելով ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների դեմ ուղղված սահմանափակող օրենսդրական դաշտը: 

Զեկույցում դատապարտվում է Ադրբեջանի չմասնակցելը վեհաժողովի աշխատանքներին, նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ որոշումներ կան, որոնք պահանջում են, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում: 

Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատշաճ հետաքննել լրագրողների նկատմամբ չարաշահումները: Միևնույն ժամանակ կառույցն անդամ պետություններին և դիտորդներին հորդորում է դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նրանց ազատ արձակումն ապահովելու համար: 

Փաստաթուղթը նաև կոչ  անում միջազգային կազմակերպություններին աջակցել փախստական ադրբեջանցի ակտիվիստներին ապաստան տրամադրելու հարցում և մերժել քաղաքական դրդապատճառներով արտահանձնումը: 

Վեհաժողովը մտադիր է հետևել Ադրբեջանի կողմից ժողովրդավարական նորմերի պահպանմանը: 

Մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների հանձնաժողովի պատրաստած փաստաթղթին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ ՝ 8, ձեռնպահ ՝ 6: 

  • Կիսվել: