Էբոլայի տարածման վտանգը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շատ բարձր է, սակայն ցածր է համաշխարհային մասշտաբով․ ԱՀԿ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա տենդի բռնկումը զարգանում է բարդ հումանիտար և համաճարակաբանական պայմաններում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիվանդության տարածման վտանգը գնահատում է որպես շատ բարձր ազգային մակարդակով, բարձր՝ տարածաշրջանային և ցածր՝ համաշխարհային մասշտաբով։ Այս մասին կազմակերպությունից հայտնել են «Global Times» թերթին։
ԿԴՀ-ում Էբոլայով վարակման հավանական դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, քանի որ բռնկումը շարունակում է տարածվել երկրի արևելյան նահանգներում։ Այս մասին ասված է ԿԴՀ առողջապահության նախարարության վերջին զեկույցում, որին հղում է անում «Սինհուա» գործակալությունը։
Մայիսի 15-ին բռնկման մասին պաշտոնական հայտարարությունից ի վեր՝ երեքշաբթի օրվա դրությամբ երկրում գրանցվել է հիվանդության 1077 հավանական դեպք, այդ թվում՝ լաբորատոր հաստատված 121 դեպք և 238 հավանական մահ։
Ընթացիկ համաճարակը դարձել է ԿԴՀ-ում Էբոլայի արդեն 17-րդ բռնկումը։ Լաբորատոր հետազոտությունները հաստատել են «Bundibugyo» շտամի տարածումը, որը վիրուսի համեմատաբար հազվադեպ հանդիպող տեսակ է։
«Global Times»-ին տված մեկնաբանությունում ԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ վարակվածների իրական թվի և վարակի տարածման աշխարհագրության վերաբերյալ զգալի անորոշություն է պահպանվում։ Բացի այդ, մասնագետները դեռևս սահմանափակ պատկերացում ունեն հաստատված և հավանական դեպքերի միջև առկա համաճարակաբանական կապերի մասին։
ԱՀԿ տվյալներով՝ իրավիճակը բարդացնում է Իտուրի նահանգի դիրքը, որը կարևոր առևտրային ու միգրացիոն հանգույց է Ուգանդայի և Հարավային Սուդանի սահմանների մոտ. սա մեծացնում է վիրուսի անդրսահմանային փոխանցման վտանգը։
Կազմակերպությունը հայտնել է, որ սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ՝ Միջազգային առողջապահական կանոնների շրջանակներում սահմաններին պատրաստվածության մակարդակը և համաճարակաբանական հսկողության համակարգերն ուժեղացնելու համար։ ԱՀԿ-ում նաև նշել են, որ Հարավային Սուդանից և Քենիայից շարունակում են պարբերաբար տագնապի ազդանշաններ ստացվել, ինչը վկայում է մոնիթորինգի և նախապատրաստման ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքների մասին։
Աճող մտահոգությունների ֆոնին, Ուգանդայի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտարարել են ԿԴՀ-ի հետ սահմանի անհապաղ փակման մասին։ Դա տեղի է ունեցել այն լուրերից հետո, որ ուգանդացի մի քանի բուժաշխատողներ վարակման վտանգի տակ են հայտնվել հարևան երկրից ժամանած պացիենտների պատճառով։ Այս մասին հայտնում է «AP News»-ը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես ուժեղացրել են նախազգուշական միջոցները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Էբոլայի դեպքերի ներթափանցումը երկրի տարածք։ «Reuters»-ի տվյալներով՝ ամերիկացի բժիշկ-միսիոները, ով վարակվել էր ԿԴՀ-ում պացիենտների բուժման ժամանակ, տեղափոխվել է Գերմանիա (իր հետ շփում ունեցած մի քանի անձանց հետ միասին)։
Չինաստանը նույնպես լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել։ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձր ռիսկային երկրներից, այդ թվում՝ ԿԴՀ-ից և Ուգանդայից ժամանողներին խորհուրդ է տվել երկիր մուտք գործելուց հետո անցնել առողջական վիճակի 21-օրյա ինքնուրույն մոնիթորինգ։
Մի շարք այլ պետություններ ևս ուժեղացրել են վերահսկողական միջոցառումները։ Թաիլանդը պարտադիր 21-օրյա կարանտին է սահմանել այն ճանապարհորդների համար, ովքեր ժամանում են ԿԴՀ-ից և Ուգանդայից կամ այդ երկրներով տարանցիկ են անցնում, իսկ Կանադան հայտարարել է Էբոլայից տուժած տարածաշրջաններից ժամանողների ինքնամեկուսացման անհրաժեշտության մասին և ժամանակավորապես կասեցրել է Կոնգոյից, Հարավային Սուդանից ու Ուգանդայից ներգաղթի հայտերի դիտարկումը։
Չնայած հիվանդացության դեպքերի թվի աճին և միջազգային մտահոգությանը՝ ԱՀԿ-ն շարունակում է բռնկման տարածման համաշխարհային վտանգը գնահատել որպես ցածր։


