ԵԱՏՄ երկրները ողջունում են կառույցին միանալու Ուզբեկստանի հետաքրքրվածությունը. Պեսկով
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր պետություններն աջակցում են կառույցին միանալու Ուզբեկստանի հետաքրքրվածությանը և ավելի սերտ ինտեգրման հույս ունեն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ մեր ամենամոտ գործընկեր երկրները միանան և հետաքրքրություն ցուցաբերեն այս ինտեգրացիայի նկատմամբ։ Հետևաբար, իհարկե, բոլոր անդամ պետությունները ողջունում են Ուզբեկստանի հետաքրքրությունը», - նշել է նա։
Պեսկովը հույս է հայտնել, որ Ուզբեկստանը չի կորցնի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հանդեպ, այլ առաջիկայում կքննարկի կառույցի հետ ավելի սերտ մերձեցման հարցը։
«Սա փոխշահավետ գործընթաց է։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարող է լրացուցիչ դիվիդենտներ բերել Տաշքենդին, դա հաստատ է», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ նկատելով, որ սա ինտեգրացիոն բավականին առաջադեմ տարբերակ է նախկին Խորհրդային Միության տարածքում։ «Դա ինտեգրման ձև է, որը զգալի օգուտներ է բերում մասնակից պետություններին։ Յուրաքանչյուր պետություն ստանում է լրացուցիչ դիվիդենտներ, որոնք նպաստում են յուրաքանչյուր մասնակից երկրի զարգացմանը»,- նշել է Պեսկովը։


