կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Дождь»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել ահաբեկչության «հայկական հետքի» մասին անապացույց հայտարարության համար

«Дождь»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել ահաբեկչության «հայկական հետքի» մասին անապացույց հայտարարության համար

Նախօրեին ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերությունը հատուկ եթերում «Կրոկուս Սիթի Հոլ»-ի  ադրբեջանցի աշխատակիցներից մեկի  հայտարարությունը, թե իբր ահաբեկիչները «խոսել են հայերեն ու հայերեն հայհոյանքներ հնչեցրել», մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր բողոքի նոտան էր տարածել։

Այս իրարանցումը ստիպել է «Дождь»-ի խմբագրությանը հեռացնել ադրբեջանցու այդ պնդումն իրենց ուղիղ եթերից, իսկ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյաձկոն ներողություն է խնդրել։

«Կցանկանայի մի կարևոր բան ասել «Дождь» երեկվա հատուկ եթերի համատեքստում։ Ձեզնից շատերը կարող էին երեկ եթերում լսել մի մարդու, ով ներկայացել էր որպես «Կրոկուս»-ի ձայնային ռեժիսոր: Նա հայտարարել է, թե իբր լսել է, որ հարձակում գործած անձինք «խոսել ու հայհոյել են հայերեն», ինչպես նաև անապացույց հայտարարություն արել «հայկական հետքի» մասին: Մինչ եթեր մտնելը, նախնական հարցազրույցի ժամանակ, այդ մարդը նման բան չէր ասել»,- տելեգրամի իր ալիքում գրել է Ձյաձկոն։

Նրա խոսքով՝ երբ հնչել է անապացույց այդ մեղադրանքը, հաղորդավարը հայտարարել է, որ դա ապացուցված չէ, ինչից հետո նա հեռացվել է եթերից, իսկ հեռարձակման այդ հատվածը կտրվել է։

«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ «Дождь»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ են հնչել»,- եզրափակել է Ձյաձկոն։

  • Կիսվել: