Դոմինիկյան Հանրապետությունում լողափնյա հյուրանոցում հրդեհի հետևանքով մի կին է զոհվել, 1700 մարդ՝ տարհանվել
Դոմինիկյան կղզիների Բայահիբե լողափնյա հանգստավայրում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով մեկ կին զոհվել է, իսկ մոտ 1700 զբոսաշրջիկ տարհանվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
«DAEH» արտակարգ ծառայության հայտարարության համաձայն, 46-ամյա իտալուհի Ֆրանչեսկա Վալենտինոն զոհվել է «Viva Wyndham Dominicus Beach» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով։
«DAEH»-ը նաև հայտնել է, որ երեք մարդ տեղափոխվել է բժշկական հաստատություններ, իսկ վեցը տեղում ստացել են առաջին բուժօգնություն։ Տուժածների թվում եղել են հյուրեր, այցելուներ և արտակարգ իրավիճակների արձագանքողներ։
Տեղական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում էին Կարիբյան ծովի ափամերձ գոտում բարձրացող խիտ ծխի սև ամպեր, մինչ կրակը տարածվում էր հանգստավայրի ծղոտե տանիքածածկ կառույցների վրա։
Երկրի Արտակարգ գործողությունների կենտրոնի (COE) տվյալներով, «նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ հրդեհը արագ տարածվել է արմավենուց պատրաստված տանիքի կառուցվածքների դյուրավառ լինելու, ինչպես նաև քամու պատճառով»։
«Wyndham Hotels and Resorts» ընկերությունը, որն ամբողջ աշխարհում ունի մոտ 8400 հյուրանոցների ցանց, անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։
Հրդեհը, ըստ պաշտոնական աղբյուրների, արդեն վերցվել է վերահսկողության տակ, սակայն դրա պատճառները դեռևս հետաքննվում են։ Հյուրերը տեղափոխվել են մոտակա այլ հյուրանոցներ։ Նույն ցանցին պատկանող «Viva Wyndham Dominicus Palace» հյուրանոցը որևէ վնաս չի կրել։
«COE»-ն հավելել է, որ «Բայահիբեում և հարակից տարածքներում զբոսաշրջային գործունեությունը մնում է անփոփոխ և շարունակում է ընթանալ անվտանգ և բնականոն հունով»։
Դոմինիկյան Հանրապետությունը, որը հայտնի է իր մաքուր ջրերով և սպիտակ ավազով լողափերով, Կարիբյան տարածաշրջանի առաջատար զբոսաշրջային ուղղություններից է՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ընդունելով մոտ 5.6 միլիոն այցելու։



