Crocus City Hall-ի սեփականատերը հայտարարել է համերգասրահը վերականգնելու մտադրության մասին
Արազ Ագալարովի ռուսաստանյան «Crocus International» ընկերությունը, որին պատկանում է «Crocus City Hall»-ը, հայտարարել է համերգասրահը վերականգնելու մտադրության մասին։
«Ցավոք, այս մասշտաբի յուրաքանչյուր իրադարձություն լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ուղեկցվում է սադրանքներով, շահարկումներով և զրպարտություններով։ Մենք երախտապարտ ենք բոլոր լրագրողներին, որոնք շուրջօրյա աշխատում են մեզ հետ ողբերգության վայրում և նախնական աղբյուրներից հավաստիացած և ճշմարտացի տեղեկատվություն տարածում։
Մեր ընկերությունը գործում է ավելի քան 30 տարի, և մեծ երաժիշտ Մուսլիմ Մագոմաևի անունը կրող «Crocus City Hall» համերգասրահում 15 տարի ամենաբարձր մակարդակով հազարավոր միջոցառումներ են անցկացվում։
Մենք երբեք չենք մոռանա նրանց, ովքեր զոհ գնացին ահաբեկիչներին։ Այն, ինչ ոչնչացվել է նրանց կեղտոտ ձեռքերով, կվերականգնվի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։