Չինաստանում ընթանում է ՇՀԿ-ի Կանաչ և կայուն զարգացման համաժողովը
Չինաստանի Չժեցզյան նահանգի Նինբո քաղաքում ապրիլի 28-30-ն ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Կանաչ և կայուն զարգացման համաժողովը։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները, «Գլոբալ կառավարման նախաձեռնության իրականացումը և ՇՀԿ կանաչ ու կայուն զարգացման համատեղ խթանումը» խորագրով համաժողովն ուղղված է ՇՀԿ երկրների միջև կանաչ և կայուն զարգացման ոլորտում գործնական համագործակցության առաջմղմանը և տարածաշրջանում կանաչ ու ցածր ածխածնային ձևափոխությանն աջակցելուն։
Համաժողովին մասնակցում է ավելի քան 300 մարդ։ Նրանց թվում են Չինաստանի և արտասահմանյան երկրների շրջակա միջավայրի հարցերով իրավասու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, փորձագետներ և գիտնականներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի հիմնական միջոցառումները կանցկացվեն ապրիլի 29-ին երեք թեմատիկ բաժիններով՝ Կանաչ համագործակցություն հանուն գլոբալ կայուն զարգացման, Բազմակողմ կառավարում հանուն գլոբալ կենսաբազմազանության պահպանման և Գիտատեխնիկական նորարարությունները որպես զարգացման կանաչ ձևափոխության շարժիչ ուժ։
Մասնակիցները մտքեր կփոխանակեն մի շարք հարցերի, մասնավորապես՝ գլոբալ կլիմայական կառավարման հաշվին արդարացի բարեփոխումներին աջակցելու, արդյունաբերության կանաչ տրանսֆորմացիայի և կայուն զարգացման, բնապահպանության ոլորտում ՇՀԿ երկրների քաղաքականության ու գործնական փորձի շուրջ, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների միջոցով էներգետիկ ձևափոխության առաջմղմաը և արդյունաբերական համագործակցության հաշվին բնապահպանության զարգացմանը նպաստելը։
Հայաստանից համաժողովում ելույթ կունենա Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովում (COP 17) հանրապետության Նախագահության հատուկ բանագնաց Մհեր Մարգարյանը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գրիգորյանը։
Համաժողովի շրջանակում կհրապարակվի ՇՀԿ կայուն զարգացման ոլորտում համագործակցության Նինբոյի նախաձեռնությունը։
Համաժողովի կազմակերպիչներն են համատեղ ՇՀԿ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չինական կոմիտեն, ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարությունը և Չժեցզյան նահանգի ժողովրդական կառավարությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՇՀԿ-ում ունի «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։
Միջոցառման շրջանակում ՇՀԿ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չինական կոմիտեն մեդիա շրջագայություն է կազմակերպել մասնակից և գործընկեր երկրների լրագրողների համար, որին մասնակցում է նաև NEWS.am-ի թղթակիցը։


