Չինաստանում 62 մարդու ենթարկել են պատասխանատվության Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում գտնվող պողպատաձուլական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի հետաքննության արդյունքներով: Այս մասին ասված է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած զեկույցում, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 84-ը ստացել են վնասվածքներ։ 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ ժամը 15:01-ին, Բաոտոու քաղաքում գտնվող Baogang United Steel ընկերության պողպատե թիթեղների արտադրության գործարանում։

Հանձնաժողովը տեղի ունեցածը որակել է որպես «արտադրական խոշոր վթար՝ անվտանգության պահանջների խախտմամբ»։

Ըստ հետաքննության եզրակացությունների՝ պայթյունի անմիջական պատճառը գնդաձև պահեստարանի մետաղական կառուցվածքի երկարատև կոռոզիոն ազդեցությունն ու վնասումն է եղել։ Դա հանգեցրել է տարայի պատի քայքայմանը, պարունակության արտահոսքին և հետագա պայթյունին։

Ձեռնարկության յոթ աշխատակից ձերբակալվել են քրեական հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Եվս վեց անձի վերաբերյալ առաջարկվել է նյութերը փոխանցել դատական մարմիններին՝ հետագա քննության համար։

Նշվում է նաև, որ միջադեպի հետ կապված չորս ընկերություններ ենթարկվել են վարչական պատժամիջոցների։ Քաղաքային և շրջանային մակարդակի տեղական իշխանությունների ներկայացուցիչները պետք է գրավոր հաշվետվություններ ներկայացնեն պատասխանատվության միջոցների վերաբերյալ վերադաս մարմիններին։