Չինաստանն անհանգստացած է Իրանի դեմ Իսրայելի գործողության հնարավոր հետևանքներից
Չինաստանը լրջորեն անհանգստացած է այն հետևանքներից, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի գործողությունն Իրանի դեմ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:
«Չինական կողմը լրջորեն անհանգստացած է Իրանին Իսրայելի հարվածից և խորապես մտահոգված է այն լուրջ հետևանքներից, որոնց կարող են հանգեցնել համապատասխան գործողությունները: Չինաստանը հանդես է գալիս Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ոտնձգությունների դեմ, հակասությունների սրման և հակամարտության ընդլայնման դեմ», - ասել է նա:
Ըստ Չինաստանի ԱՆԳ-ի՝ Իսրայելի գործողությունն Իրանում չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, և Չինաստանը պատրաստ է աջակցելու խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում: